Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հատված «DEJA VU. Հալեպ` սիրո և մահվան հովիտ» վեպից

Հատված «DEJA VU. Հալեպ` սիրո և մահվան հովիտ» վեպից
15.08.2023 | 09:55

...Ռուսներին հաջողվեց մինչև վերջ ուժասպառ անել թուրքական զորքին, և սկսվեց թուրքական զորքերի անկանոն նահանջը, որը վերածվեց խուճապի, վախկոտների փախուստի: Թուրքերը վիթխարի կորուստներ կրեցին: Ամբողջ առավելությունն անցավ ռուսների կողմը: Հայերը դրա մեջ փրկության վառ կայծեր էին նշմարում, բայց հետո կատարվեցին ավելի ողբերգական դեպքեր... Ռուսական զորքը թողեց ռազմաճակատը և հետ քաշվեց` ժողովրդին թողնելով կատաղած, խուճապահար ու արյունարբու թշնամու և բախտի քմահաճույքին: Այդպես էր ցանկացել ռուսական հրամանատարությունը...

Պատերազմական այս բոլոր գործողությունները` հարձակում, նահանջ, կրակոցներ, ռումբերի պայթյուն, սով, համաճարակ, մահ, տեղի էին ունենում մեր աչքի առաջ, անխնա տրորվում ու ոչնչանում էին խաղաղ մարդիկ, ծերեր, կանայք, երեխաներ, հիմնահատակ քանդվում էին տներ, ամբողջ գյուղեր ու քաղաքներ, ոչնչանում էին այգիներ, ծաղկուն ու փարթամ արոտավայրեր, ընտանի ու վայրի կենդանիներ: Մի ամբողջ հինավուրց երկիր, մի հին հայրենիք հիմնահատակ քանդվում էր, հողին հավասարվում, բնաջնջվում ու թափառական էր դառնում աշխատասեր ու արարող մի ժողովուրդ: «Հեյ, վախ, մեր պապերի հայրենիքի համար կռվում ու իրար մեջ բաժան-բաժան են անում երկու զորբա տերեր` թուրքերն ու ռուսները... Էս ի՞նչ անեծք է, Տեր Աստված»,- ասում էր պապս ամեն օր:

Այդ ժամանակ Էրզրումում Գերմանիայի փոխհյուպատոսն էր Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ծնված Էրվին Ֆոն Շեյբներ-Ռիխտերը: Էրզրումից Գերմանիա՝ իր հարազատներին ուղարկած նամակներում, գերմանացի դիվանագետը նկարագրում էր հայերի նկատմամբ թուրքերի և քրդերի վայրագությունները: Հայոց մեծ եղեռնի վկա դիվանագետը հետագայում դարձավ Հիտլերի բարեկամը և անդամագրվեց նրա կուսակցությանը: 1924-ին հրատարակած իր «Իմ պայքարը» («Main Kampf») գիրքը Հիտլերը ձոնել է 1923 թ. նոյեմբերի 9-ին զոհված իր հավատարիմ 16 զինակիցներին, այդ թվում նաև Շեյբներ-Ռիխտեր Էրվինին: Գուցե այս պարոնն էր Հիտլերին պատմության դասեր տվել: Եվ հենց նա էր ասել. «Այսօր ո՞վ է հիշում հայերի կոտորածները»: Իսկ Հիտլերը, 1939-ին հարձակվելով Լեհաստանի վրա, պարզապես կրկնել էր Շեյբներ-Ռիխտեր Էրվինի խոսքերը:

Էրզրումի ռազմաճակատից փախած թուրք և քուրդ բարոյալքված զինվորներն ապրում էին հայ բնակչության հաշվին, նրանք ուտում էին հայերի տան եղած վերջին փշրանքները, և երբ ամեն ինչ վերջանում էր, սոված շների պես հարձակվում էին հայերի վրա, թալանում, բռնաբարում, սպանում ու հագեցնում իրենց գազանային ծարավը: Պատերազմ էր, ո՛չ պատիժ կար, ո՛չ օրենք...

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 3924

Մեկնաբանություններ